2008թ․ մարտի 1-ի ահաբեկչությունից անցել է 9 տարի

2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունից անցել է 9 տարի․ իրավապահ մարմինները քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում

2008 թ. Մարտի մեկից  արդեն 9 տարի է անցել: Մինչ օրս իրավական գնահատական  չի տրվել այդ և հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, որոնցով վերջինս հասարակության աջակցությունն է ակնկալել՝ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու գործում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս հանդես է եկել դրան ուղղված առաջարկություններով, հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական հարցումներով:

Բոլոր դեպքերում պատասխանը նույնն է եղել՝ «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Կազմակերպությունը ամիսներ առաջ առաջարկել էր նաև հարցաքննել ՀՀ ներկայիս ոստիկանապետ, 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլ. Գասպարյանին՝ հիմք ընդունելով լրատվամիջոցներից մեկին տարբեր ժամանակահատվածներում վերջինիս տված իրարամերժ բովանդակությամբ հարցազրույցները: Դրանցում Վլ. Գասպարյանը մեկ պնդում էր, որ հակասահմանադրական որևէ գործողություն ինքն ի պաշտոնե չի իրականացրել և տրամաբանական համարում բանակի ներգրավումը, ապա ժխտում ինքն իրեն՝ բացառելով բանակի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին: Իսկ ավելի ուշ՝ առաջարկում սրբագրել իր որոշ պատասխաններ:

Սրան ի պատասխան ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը բավարարվել էր «նամակը քրեական գործին կցելով» միայն՝ «անհրաժեշտության դեպքում» քննչական գործողություններ կատարելու խոստումով՝ բացարաձակ ոչ շահագրգիռ կեցվածք ընդունելով մարտիմեկյան հանցագործությունները կատարածներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում:

Ինը տարի շարունակ քրեական գործի քննությունը դոփում է տեղում, և առավել, քան ակնհայտ է, որ իրավասու մարմինները գործին ընթացք տալու և նույնիսկ սպանությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում:

Անպատժելիությունը մնում է չհաղթահարված․․․

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.