Եվրադատարանը կասեցրել է Վրաստանի գերագույն դատարանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ է արել Վրաստանի գերագույն դատարանին ժամանակավորապես կասեցնել «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ երեկ կայացված դատավճիռը, որով անկախ հեռուստաընկերությունը հանձնվեց նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, ով ենթադրաբար կապեր ունի իշխանությունների հետ։
Վրաստանի արդարադատության նախարարը հաստատել է, որ մարտի 3-ին իշխանությունները ստացել են Եվրադատարանի նամակը՝ դատավճռի իրականացումը մինչև մարտի 8-ը կասեցնելու մասին, որպեսզի հնարավորություն ստեղծվի գործը քննել՝ առանց «անդառնալի վնաս պատճառելու» հեռուստաընկերությանը։
Նամակում նաև ասված է, որ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը միջամտելու ցանկացած փորձից։
Հիշեցնենք, որ Կիբար Խալվաշին, ով հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին, ասել է, թե Սաակաշվիլիի մերձավորները 2006-ին իրեն ստիպել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը:
Tags: Եվրադատարան