Արթուր Սարգսյանը 2.5 միլիոն դրամ երաշխավորությամբ ազատ կարձակվի

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին և առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա.Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի և Արամ Մանուկյանի կողմից իրենց խնդրանքը հաստատելուց և օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո, 2016 թվականի մարտի 6-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու մասին:

Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.