Ոստիկանության պաշտոնյան բռնություն է գործադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Հաջորդ օրը դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդում է տվել նաև Էդմոն Ա.-ն` հայտնելով, որ 27.02.2017թ.-ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու և անհանգստացնելու համար:
Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել և սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա: Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.