ՀՀ Քննչական կոմիտեի գործառույթները

Գործառույթներ

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի համակարգը

ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը:

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են՝

  • կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
  • վարչությունները
  • բաժինները։

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝

  • գլխավոր վարչության վարչությունները,
  • բաժինները
  • կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։

Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։

Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները):

Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում ձեւավորվել է կոլեգիա, որի նպատակն է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի իրավասությունների մեջ է մտնում կոլեգիալ լուծում պահանջող քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը:

Կոլեգիայի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 14-ի հրամանով՝ հիմք ընդունելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերը:

ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով։ Ըստ այդմ՝ կոլեգիան ունի նախագահ եւ 8 անդամ։ Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներ են՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվող քննչական կոմիտեի այլ ծառայողները։

Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց:
Կոլեգիայի որոշումերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:

Կոլեգիայի նախագահ՝

  • Հովսեփյան Աղվան Գառնիկի

Անդամներ՝

  • Թամազյան Արամ Արծվի
  • Հարությունյան Վահագն Ստյոպայի
  • Գրիգորյան Հայկ Մկրտիչի
  • Ղամբարյան Արթուր Սիրեկանի
  • Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
  • Ֆարխոյան Ջոն Սուրենի
  • Մանթաշյան Աննա Լեմսիկի
  • Աղասյան Վահագն Բենիամինի

ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղարն է ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետը:
Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։

Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

Ըստ այդմ, քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր, մերժել քրեական գործի հարուցումը, հարուցել քրեական գործ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ:

Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունն ստուգելու նպատակով:

Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:

Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

  • մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
  • հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
  • միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.
  • պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
  • պահանջել կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.
  • իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
  • իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.
  • հետաքննության մարմնին հանձնարարել իրագործել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.
  • կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.
  • առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.
  •  կանչել անձանց որպես վկա.
  • գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
  • ձերբակակել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
  • որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել և այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.
  • ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.
  • ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.
  • պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող` քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածում նշված հանգամանքները.
  • համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.
  • լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.
  • լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.
  • իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.
  • որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին՝ բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.
  • որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
  • դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
  • անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.
  • բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը` չկասեցնելով դրա կատարումը.
  • որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին.
  • ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին՝ որոշման օրինականությունն ստուգելու նպատակով.
  • կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում:

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
Քննիչն իրականացնում է նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Որոշման բողոքարկման կարգը

  • քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին: Օրենքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան.
  • բողոքները կարող են լինել գրավոր, իսկ նրանց գրավոր ձևն օրենքով հատուկ նախատեսված չլինելու դեպքում` նաև բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն.
  • քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, ում հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին.
  • հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, ում իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից.
  • կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մասնակիցները, այլ անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
  • խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին.
  • քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում.
  • միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:

Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից 2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին:

Քրեական գործ հարուցելու առիթները

Քրեական օրենքով արգելված հանրորեն վտանգավոր արարք մեղավորությամբ կատարելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Քրեական գործ հարուցելու առիթները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածով` որի համաձայն համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու 3 առիթ։

Դրանք են`

  • հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին
  • հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները
  • հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարզ ընթացակարգ եւ պահանջներ։

Ֆիզիկական անձանց հաղորդումները

Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
Եթե լրացել է դիմողի 16 տարին, ապա նա նախազգուշացվում է սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
Վերոնշված կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ, կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:

Իրավաբանական անձանց հաղորդումները

Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:

Լրատվության միջոցների հաղորդումները

Լրատվության միջոցների հաղորդումներ են` կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին մամուլում հրապարակված, ռադիոյով, հեռուստատեսությամբ հեռարձակված նյութերը, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցությունները։
Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն, պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

  1. քրեական գործ հարուցելու մասին.
  2. քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
  3. հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Քրեական գործի հարուցումը մերժելը

Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։
Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով՝ որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազն այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն:
Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

Քրեական գործ հարուցելու կարգը

Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:
Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:
Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:
Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.