Ովքեր կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ

Հանրային պաշտպանություն է համարվում օրենքով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

  • խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
  • ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:

Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:

Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:
Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև վերը թվարկված անձանց`

  • ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).
  • նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.
  • դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալների առկայության դեպքում` նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց.
  1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին
  2. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին
  3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին
  4. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին
  5. Միայնակ բնակվող կենսաթոշակառուներին
  6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց,
  7. Փախստականներին
  8. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին:

Վերոնշյալ անձանց նկատմամբ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը կգործի 2013թ. հունվարի 1-ից:

Անվճար իրավաբանական օգնության իրավունք կտրամադրվի նաև դատապարտյալներին, գործազուրկներին և անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք կներկայացնեն իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ` սկսած 2014 թ. հունվարի 1-ից:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.