Amnesty International. Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցույցերը ցրելու նպատակով

«2016-ի հուլիսին հայաստանյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու նպատակով», — աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին նվիրված տարեկան զեկույցում պնդում է միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը` Amnesty International-ը:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին կամայական ձերբակալությունների: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, բերման ենթարկվելու և ձերբակալության ընթացքում շատերը վիրավորվել էին, ծեծի ենթարկվել կամ այլ տեսակի դաժան վերաբերմունքի արժանացել», — նշվում է կազմակերպության տարեկան զեկույցում:

«Տարին աչքի ընկավ քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող մտահոգությունների աճով: Դրանց պատճառը Ադրբեջանից անջատված և Հայաստանի աջակցությունը վայելող Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ ռազմական հակամարտությունն էր, որը սկիզբ առավ ապրիլին», — հիշեցնում են Amnesty International-ի փորձագետները:

Հրապարակված զեկույցի համաձայն` Հայաստանին առնչվող գլուխը հիմնականում նվիրված է անցած տարվա հուլիսյան իրադարձություններին և դրանց զուգահեռ ծավալված բողոքի գործողություններին, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, այդ ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին:

«Հուլիսի 20-ին ոստիկանությունն արգելեց ցուցարարներին սննդամթերք փոխանցել ոստիկանական ստորաբաժանման տարածքում դիրքավորված խմբի անդամներին: Ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք սկսեցին հրել ոստիկաններին, նրանց ուղղությամբ քարեր և ջրի շշեր նետել: Ոստիկանությունն ի պատասխան առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց` վիրավորելով խաղաղ ցուցարարներից և պատահական անցորդներից շատերին: Ականատեսներից մի քանիսի պնդմամբ ոստիկանները հետապնդում էին փախչող ցուցարարներին և ձերբակալությունից առաջ նրանց ծեծի ենթարկում: Այդ օրը 136 մարդ ձերբակալվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին», — նշում են զեկույցի հեղինակները: Նույնքան մանրամասնորեն Amnesty International-ի փորձագետները անդրադառնում են հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին` հատուկ ընդգծելով․ —

«Այդ օրը Սարի թաղում` գրավված ստորաբաժանման հարևանությամբ, ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանությունը հավաքվածներից պահանջեց ցրվել, քիչ անց առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց ցուցարարների հանդեպ` վիրավորելով տասնյակ ցուցարարների և լրագրողներից մի քանիսին: Սրան էլ հաջորդեց ոստիկանական շղթան հատած, մահակներով զինված մի խումբ տղամարդկանց դարանակալ հարձակումը ցուցարարների և լրագրողների վրա», — գրում են զեկույցի հեղինակները` նշելով, որ այս իրադարձությունների արդյունքում առնվազն 14 լրագրող վիրավորվեց, որոնց վրա հարձակումը` «նպատակ ուներ կանխել իրադարձությունների լուսաբանումը ուղիղ եթերում»:

Ամբողջական` այստեղ:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.