Կարգ՝ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվելու է տարբեր թեմաներով 73 հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մարտի 1-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Հայկական բժշկական ինստիտուտում (հասցե` ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Տիտոգրադյան 14) անցկացնելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության թեման է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը», նպատակը` բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:

Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Այն ԲՈՒՀ-երում ու հանրակրթական դպրոցներում, որոնք ընդգրկված չեն ԱԻՆ կողմից անցկացվող ուսումնավարժությունների մեջ, մարտի 1-ին առաջին դասաժամի 20 րոպեն նվիրված է լինելու ՔՊ համաշխարհային օրվան և քաղպաշտպանության խնդիրներին:

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը 1931 թ. Փարիզում հիմնում է «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

1958 թ. «Ժնևյան գոտիները» վերածվեցին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը, որն ուժի մեջ մտավ մարտի 1-ին, և այդ օրը սահմանվեց որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: 1994 թ. ապրիլից Հայաստանը ևս ՔՊՄԿ անդամ է:

Հարգելի գործընկերներ, կից ներկայացնում ենք ՔՊ համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքների ցանկը:

2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունից անցել է 9 տարի․ իրավապահ մարմինները քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում

2008 թ. Մարտի մեկից  արդեն 9 տարի է անցել: Մինչ օրս իրավական գնահատական  չի տրվել այդ և հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, որոնցով վերջինս հասարակության աջակցությունն է ակնկալել՝ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու գործում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս հանդես է եկել դրան ուղղված առաջարկություններով, հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական հարցումներով:

Բոլոր դեպքերում պատասխանը նույնն է եղել՝ «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Կազմակերպությունը ամիսներ առաջ առաջարկել էր նաև հարցաքննել ՀՀ ներկայիս ոստիկանապետ, 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլ. Գասպարյանին՝ հիմք ընդունելով լրատվամիջոցներից մեկին տարբեր ժամանակահատվածներում վերջինիս տված իրարամերժ բովանդակությամբ հարցազրույցները: Դրանցում Վլ. Գասպարյանը մեկ պնդում էր, որ հակասահմանադրական որևէ գործողություն ինքն ի պաշտոնե չի իրականացրել և տրամաբանական համարում բանակի ներգրավումը, ապա ժխտում ինքն իրեն՝ բացառելով բանակի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին: Իսկ ավելի ուշ՝ առաջարկում սրբագրել իր որոշ պատասխաններ:

Սրան ի պատասխան ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը բավարարվել էր «նամակը քրեական գործին կցելով» միայն՝ «անհրաժեշտության դեպքում» քննչական գործողություններ կատարելու խոստումով՝ բացարաձակ ոչ շահագրգիռ կեցվածք ընդունելով մարտիմեկյան հանցագործությունները կատարածներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում:

Ինը տարի շարունակ քրեական գործի քննությունը դոփում է տեղում, և առավել, քան ակնհայտ է, որ իրավասու մարմինները գործին ընթացք տալու և նույնիսկ սպանությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում:

Անպատժելիությունը մնում է չհաղթահարված․․․

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Օրերս Աղվերանում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Հանդիպման շրջանակում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը: ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի ընթացքում հստակեցվել և սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են.

  • Կրթություն և աշխատուժի ձևավորում
  • Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia)
  • ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)
  • ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: Աշխատանքային խմբերն առաջիկայում կշարունակեն ԻՏՁՄ ռազմավարության գործողությունների պլանի մշակումը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ EIF, CQG, Macadamian, WEB, Ucom, Mentor Graphics, Grant Thornton, D-Link, Ev-Consulting, SFL, Instigate, Proximus, Leviathan, Masys, Niccoma Technologoes, VOLO, Apaga Technologies, Global.am, Impact Solutions ընկերություններից, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007թ-ից: ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր:
Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակներում ընդգրկված անձինք, ովքեր գտնվում են անազատության մեջ, կարող են մասնակցել նախընտրական քարոզարշավին իրենց վստահված անձանց միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում այս մասին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանին, ով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով: «Նշված հարցով խնդիրը բարձրացվել է: Անդրիաս Ղուկասյանի վստահված անձանց պարզաբանվել է, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների՝ եթե թեկնածուն անազատության մեջ է, ապա իր քարոզչությունը իրականացնում է վստահված անձանց միջոցով, ովքեր հնարավորություն ունեն ամեն օր սահմանափակ ժամանակահատվածում՝ երկու ժամ, նրան այցելելու»,— տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը:

Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսից: Նրան մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու հ ամար: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։

Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։

Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանն ընդունել է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանի խորհրդական Դիեգո Ռուիզ Ալոնսոյին և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս տիկին Արմինե Ադամյանին։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը, քննարկվել են համագործակցության թեմաներն ու ձևաչափերը։
Այդ համատեքստում ներկայացվել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնցից նախընտրելիների վերաբերյալ առաջիկայում բանակցային քննարկումներ կծավալվեն:

  • 1
  • 7
  • 8

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.