Կարգ՝ ԴԱՏԱԿԱՆ

«Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք և գումար:

Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, և Կոստանյանը, և Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը և խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:

Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, ըստ էության, չի բավարարում, որ Կոնստանտին Կոստանյանն ազատազրկման է դատապարտվել, և նա այս օրերին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կոնստանտին Կոստանյանը վերադարձնի իրենից հափշտակված գումարը:

«Ժողովուրդ»

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:

Հիշեցնենք՝ 2016 թ. հունիսի 2-ին Ա. Թանգիյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Սպորտ Փաբի» կողմից 2016 թ. մայիսի 30-ին, առանց համապատասխան թույլտվության, բացօթյա ծառայություններ մատուցելու և 24:00-ից հետո աշխատելու դեպքերի առթիվ վարչական վարույթ հարուցելու ու պատասխանատվության միջոցներ կիրառելու պահանջով, սակայն Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել:

Դատարան ներկայացրած հայցով Ա. Թանգիյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:

Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի

2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:

Դատարանն անվավեր ճանաչեց Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները և պարտավորեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հրազդանում ծնողների աչքի առջև 7-ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող Գագիկ Խանփերյանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման:

Խանփերյանի պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտնեց, որ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով: «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Խանփերյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել և դատարանի դահլիճից ազատ արձակել նրան»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ 7-ամյա տղային ալկոհոլի ազդեցության տակ մահացու վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ էր, մեկ ամիս առաջ նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և դատարանի դահլիճից տեղափոխվել կալանավայր: Մինչդեռ Գագիկ Խանփերյանն ի սկզբանե եղել է կալանքի տակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Խանփերյանը 2016թ. սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում:

Նախնական տվյալներով` Արթուր Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Ա. Սարգսյանի կլինիկական մահը:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար:

Պետական դավաճանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված՝ հետախուզության պետ, մայոր Գարիկ Մարությանի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Մարությանը չի կատարել իրեն մեղասգրվող արարքը:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, շուրջ 1 տարի դռնփակ քննելով գործը, Մարությանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար և հեծանիվ:

Մարությանը կալանավորված է:

Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի հրապարակված ձայնագրությունը. այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ Hayastan24.com կայքը հրապարակել է մի ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ Գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։

Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։

Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն:

Ավտոմեքենան կայանելու համար դիտողության արժանանալու համար հարևանին դանակահարելու համար գյումրեցի ատամնատեխնիկ Արամը դատապարտվել է 5 ամիս 26 օրվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամն ավտոմեքենան կայանելու համար նույն շենքի բնակիչ` Վ.Սերոբյանի կողմից դիտողության արժանանալուց հետո 2016թ. հունվարի 16-ին ժամը 09:00-ի սահմաններում նշված շենքի բակում իր հղի կնոջ ներկայությամբ վիճաբանլ է Վ.Սերոբյանի հետ: Վիճաբանության ժամանակ իրեն հարվածելու, գետնին գցելու և կնոջ ներկայությամբ այդ կերպ նվաստացնելու հետևանքով հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Արամը վերցրել է ավտոմեքենայի դռան դարակից ծալովի դանակը և հարվածել Վ.Սերոբյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:

Դատարանում արդեն Արամն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել արագացված դատական քննություն անցկացնել: Տուժող կողմը ևս չի առարկել միջնորդությանը՝ նշելով, որ ինքը որևէ բողոք չունի, հաշտվել է Արամի հետ:

Դատարանն ատամնատեխնիկին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 5 ամիս 26 օր ժամկետով: Հաշվի առնելով, որ Արամ այդքան օր եղել է կալանքի տակ, դատարանը որոշել է ազատել նրան նշանակված պատժից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն` Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Ս.-ն կատարողական վարույթի շրջանակներում իրենից վերցրել է ընդհանուր 3.650 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր վստահությանը հանձնված հիշյալ գումարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2017 թ. մարտի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:

Դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչություն իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը: ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը և գործի հետ առնչություն ունեցող անձ Ն. Դավիդյանը, ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէին ներկայացել դատական նիստին:

Չնայած քննիչ Կ. Խանումյանի առարկությանը՝ Դատարանը հնարավոր համարեց նիստն առանց նրանց անցկացնելը և անցավ գործում առկա ապացույցների՝ նախապատրաստված նյութերի հետազոտմանը, որից հետո հնարավորություն տվեց կողմերին հանդես գալու ամփոփիչ խոսքով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը կարծիք հայտնեց, որ քրեական գործի հարուցումը սուբյեկտիվ կողմի բացակայության հիմքով մերժելը վկայում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի կարգով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին: Անդրադարձավ նաև նախորդ դատական նիստին վարույթն իրականացնող մարմնի հնչեցրած պատասխանին, թե թմրամիջոց գործածող անձ լինելու մասին տեղեկությունների հրապարակումը մասնագիտական անհրաժեշտությունից չէր բխում՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ նաև սուբյեկտիվ կողմի հիմնավորման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պետք է կայացներ քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Ավելին՝ այստեղ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.