Դատապարտյալը վկա է մի քանի քրեական գործերով՝ կրկին որպես «կաշառք տվող»

Հատուկ քննչական ծառայությունը երկու օր առաջ հաղորդագրություն տարածեց Վահե Ախոյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու մասին:
Մինչդեռ, քրեական գործը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում է անցյալ տարվա նոյեմբերից, ուր եւ տեղի է ունեցել մի քանի նիստ:
Դատավոր Արթուր Մկրտչյանը փետրվարի 1-ին էլ նշանակել է հերթական՝ թվով երրորդ նիստը:

ՀՔԾ-ն տեղեկացնում է. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու` մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալից, նրա կնոջից ու մորից պահանջել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջիններս համաձայնել են: 12.09.2015թ.-ին Ա. Մանուկյանի կինն անձամբ Վ. Ախոյանին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց` վերջինիս միջնորդությամբ, Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում: Բացի այդ, Վ. Ախոյանը Ա. Մանուկյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս ու նրա մորը դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրը 1.10.2015թ.-ին Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որեւէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն»:

Մեղադրանքն այս գործով պաշտպանում է Վարդգես Սարգսյանը, իսկ պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդգար Արամյանը:

Ըստ պաշտպան Է. Արամյանի, 2017 թվականի ապրիլի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

2017 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Վահե Ախոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեկ այլ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Գործի նյութերի համաձայն, 2015թ. սեպտեմբերի 12-ին, Վահե Ախոյանը նախապես պայմանավորված լինելով, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի՝ Մաշտոցի պողոտայի 5-րդ հասցեում գտնվող «Փակ շուկա» սուպերմարկետի դիմաց հանդիպել է Ալեն Մանուկյանի կնոջը՝ Լոլիտա Մանուկյանին, նրանից անձամբ ստացել է կաշառքը:
«2017 թվականի հոկտեմբերի 16-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ախոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ հարուցված թիվ 62207617 քրեական գործից անջատել Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն անջատելու որոշումից պարզ չէ, թե թիվ 62207617 քրեական գործից ո՞ւմ վերաբերյալ է գործ անջատվում եւ արդյոք նշված անձինք կապ չունե՞ն Վ.Ախոյանի վերաբերյալ քրեական գործի հետ: Նախաքննության ընթացքում Ժ. Մանուկյանի, Ա. Մանուկյանի եւ Լ.Մանուկյանի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ չեն կայացվել, ավելին՝ վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ Ժ. Մանուկյանը 2017 թվականի հոկտեմբերի 10-ին հատել է ՀՀ սահմանը եւ մեկնել ԱՄՆ»

Ըստ նրա՝ խախտումներն ակնհայտ են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.