«Դատարանը չի կարողանում տիրապետել դատական նիստի ընթացակարգին, դատարանի գործողությունները համաչափ չեն». բացարկ՝ «ծռերի» գործով դատավորին

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները դատավոր Արթուր Օհանյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն հայտնեցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ավելի վաղ դատավորը, ինչպես իրենք հայտարարեցին, խախտեց փաստաբան Հայարփի Սարգսյանի իրավունքները:

Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»: Մյուս պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ ասաց. «Մենք դատապարտված ենք նրան, որ դատարանը եւ մեղադրական կողմը փորձելու են խախտել մեր իրավունքները»: 

Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ նկատեց՝ գործը քննող դատավորը պետք է հուզական չեզոքություն պահպանի, մինչդեռ Արթուր Օհանյանի վարքից իրենք նման եզրակացություն չեն կարող անել. «Դուք Հայարփի Սարգսյանին ասացիք՝ «համը արդեն հանում եք» ու նման արտահայտություններ, որոնք չպետք է թույլ տայիք: Դուք կողմնակալ վերաբերմունք ունեք Հովհաննես Հարությունյանի եւ նրա պաշտպանի հանդեպ եւ չեք համապատասխանում անաչառության մասին ՄԻԵԴ-ի չափանիշներին»:

Պաշտպաններից Հարություն Բաղդասարյանի կարծիքն էլ այսպիսինն էր. «Դատարանը չի կարողանում տիրապետել դատական նիստի ընթացակարգին, դատարանի գործողությունները համաչափ չեն»: Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ պնդելով, որ այն հիմնավորված չէ: «Դատարանն ընդամենը նիստի կարգը պահպանելու գործողություններ է իրականացրել»,-համոզմունք հայտնեց դատախազ Հակոբ Ենոքյանը:

Մյուս դատախազ Արթուր Չախոյանն էլ հավելեց. «Դատավորի օրինական գործողություները չի կարելի որպես կողմնակալություն որակել»: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ այս գործի քննությունը շարունակելու է նախագահել Արթուր Օհանյանը: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.