Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա:

Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում` 10.02.2017թ.-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է անձնական խուզարկության: Ըստ Էդիկ Ղ.-ի` խուզարկության ընթացքում հիշյալ ոստիկանը վերցրել է իրեն պատկանող «Այֆոն 5» և «Սամսունգ Դուոս» տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև 35.000 ՀՀ դրամը, սակայն հետագայում նշված իրերը կալանավորի հարազատներին հետ չի վերադարձրել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 25.01.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության մի քանի աշխատակիցներ իրեն խոշտանգել են. հարվածել են մարմնի տարբեր մասերին` պահանջելով խոստովանել իր և իր ընկերների կողմից չկատարված` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը:

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.