Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 106.
Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին

 

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի:

Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:

Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Այդ մասին տեղեկությունները պետք է պարունակվեն ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն ի գիտություն բոլորի:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:

Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների առանձնահատկությունները սահմանվում են «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Պետական ձեռնարկությունները մասնավորեցնելիս (ապապետականացնելիս) բաժնետիրական ընկերությունների ստեղծման առանձնահատկությունները սահմանվում են այդ ձեռնարկությունների մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով և այլ իրավական ակտերով:

(106-րդ հոդ. փոփ. 27.07.01 ՀՕ-205, 15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, 30.12.10 ՀՕ-253-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.