Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 217.
Գույքային սերվիտուտը դադարելը

 

Ծառայող կամ գերակա գույքի սեփականատիրոջ պահանջով գույքային սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են այն սահմանելու հիմքերը:

Այն դեպքում, երբ անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, կամ գերակա գույքի սեփականատերը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել սերվիտուտի համար պարբերաբար կատարվող վճարը, ապա ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջելու դադարեցնել սերվիտուտը:

Գերակա և ծառայող գույքի սեփականատերերի համընկնման դեպքում գույքային սերվիտուտը դադարում է:

Եթե գույքային սերվիտուտի գործողության ժամանակ գերակա գույքի սեփականատիրոջ կողմից ծառայող գույքում կատարվել են փոփոխություններ, ապա գերակա գույքի սեփականատերը պարտավոր է մինչև սերվիտուտը դադարելը ծառայող գույքն իր հաշվին բերել նախնական վիճակին: Այս կանոնից բացառություն կարող է սահմանվել կողմերի համաձայնությամբ:

(217-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.1.
Անձնական սահմանափակ սերվիտուտը

 

Կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա օգտվելու այդ անշարժ գույքից միմիայն կոնկրետ նպատակների համար, կամ նրան կարող է տրվել այլ իրավազորություն, որը կարող է հիմք հանդիսանալ սերվիտուտ սահմանելու համար (անձնական սահմանափակ սերվիտուտ):

Անձնական սահմանափակ սերվիտուտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

Անձնական սահմանափակ սերվիտուտը կարող է տրամադրվել անժամկետ կամ որոշակի ժամկետով: Իրավաբանական անձին տրամադրվող անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող գերազանցել 10 տարին:

Անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող փոխանցվել այլ անձի:

Անձնական սահմանափակ սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

(217.1-ին հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.2.
Ուզուֆրուկտը

 

Կողմերի համաձայնությամբ պայմանագրի հիման վրա անշարժ կամ շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա տիրապետելու և օգտագործելու գույքը և դրա օգտագործմամբ ստացվածը (պտուղներ, արտադրանք, եկամուտներ) նույն կերպ, ինչպես դա իրավասու կլիներ անելու գույքի սեփականատերը (ուզուֆրուկտ):

ՈՒզուֆրուկտ ստացող անձի կողմից գույքի օգտագործմամբ ստացվածը համարվում է ուզուֆրուկտ ստացող անձի սեփականությունը:

ՈՒզուֆրուկտը սահմանվում է անհատույց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

ՈՒզուֆրուկտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 217.2-217.7 հոդվածներով:

Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման` սույն օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով:

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ուզուֆրուկտով կարող է ծանրաբեռնվել օրենքով նախատեսված դեպքերում:

Հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելիս ուզուֆրուկտ է սահմանվում նաև հողամասը զբաղեցրած շինության նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

(217.2-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.3.
Ուզուֆրուկտ ստացող անձինք

 

ՈՒզուֆրուկտ կարող է սահմանվել հօգուտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:

ՈՒզուֆրուկտ կարող է տրամադրվել մեկ կամ մի քանի անձանց: Եթե ուզուֆրուկտ է տրամադրվել մեկից ավելի անձանց, ապա նրանցից մեկի մահվան կամ լուծարման դեպքում ուզուֆրուկտը մյուս անձի (անձանց) նկատմամբ պահպանվում է:

(217.3-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.4.
Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը սեփականատիրոջ կողմից տիրապետելու և օգտագործելու արգելքը

 

ՈՒզուֆրուկտով ծանրաբեռնված գույքի սեփականատերը չի կարող ուզուֆրուկտ ստացած անձի հետ համատեղ տիրապետել և օգտագործել գույքը ուզուֆրուկտով ծանրաբեռնված լինելու ողջ ժամանակահատվածում:

(217.4-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.5.
Ուզուֆրուկտ սահմանելու ժամկետը

 

ՈՒզուֆրուկտը ֆիզիկական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ ցմահ` մինչև ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձի մահը:

ՈՒզուֆրուկտն իրավաբանական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ մինչև իրավաբանական լուծարումը, բայց ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով:

(217.5-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.6.
Ուզուֆրուկտ ստացող անձի իրավունքները և պարտականությունները

 

ՈՒզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը հատուցմամբ օտարելիս ուզուֆրուկտ ստացած անձն ունի վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունք, բացառությամբ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերի: Սույն մասում նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով նախատեսված կանոնները:

ՈՒզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է հոգ տանել գույքն իր տնտեսական նշանակությամբ պահպանելու համար, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև ապահովագրել այն:

ՈՒզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է ուզուֆրուկտի գործողության ընթացքում կրել գույքի հետ կապված հանրային ու մասնավոր բեռը` հարկերը, տուրքերը և այլ վճարներ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

(217.6-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված 217.7.
Ուզուֆրուկտը դադարելը

 

ՈՒզուֆրուկտի դադարման հիմքերն են`

1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը.

2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու` օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը.

3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել.

6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը և գույքի սեփականատերը.

7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները:

ՈՒզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625 հոդվածով նախատեսված կանոնները:

Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից:

(217.7-րդ հոդ. լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.