Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 225.
Բնակելի տարածության օգտագործման իրավունքը

 

Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից` հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից:

Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

(225-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 14.1.
ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

(14.1-ին գլուխը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն օրենք)

 

Հոդված 225.1.
Ապահովված իրավունքի հասկացությունը և առարկան

 

Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15-րդ գլխով:

Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ` ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի:

Ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը:

Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի: Այն դեպքում, երբ ապահովված իրավունքի առարկան հնարավոր է որոշել որոշիչ կամ նկարագրական հատկանիշներով, ապա ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պարտադիր է:

Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249 հոդվածով սահմանված կարգով, եթե`

1) դա նախատեսված է պայմանագրով, կամ

2) առկա է ապահովված անձի (պարտատիրոջ) և պարտապանի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249.1 հոդվածի պահանջներին համապատասխան:

(225.1-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն, 27.10.16 ՀՕ-190-Ն օրենքներ)

 

Հոդված 225.2.
Ապահովված իրավունքների նախապատվությունը

 

Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված ապահովված իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:

Ապահովված իրավունքի գրանցումն առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:

Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի կամ ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի նկարագիրն ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը, ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը:

Պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող շարժական գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջվելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:

(225.2-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 15
ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.