Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 243.
Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու և առգրավելու հետևանքները

 

Այն դեպքերում, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով հասարակության և պետության կարիքների համար օտարվելու, ռեկվիզիցիայի կամ ազգայնացման հետևանքով, ու գրավատուին տրվել է այլ գույք և (կամ) համապատասխան հատուցում, գրավի իրավունքը տարածվում է փոխարենը տրված գույքի վրա, կամ գրավառուն ձեռք է բերում գրավատուին հասանելիք հատուցման գումարից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:

Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից` բռնագանձում տարածելու միջոցով կամ որպես հանցագործության համար պատժամիջոց, գրավառուն այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք ունի:

Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը:

(243-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն օրենք)

 

Հոդված 243.1.
Գրավ դրված գույքի վրա գրավատուի` երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար կիրառվող սահմանափակումները

 

Գրավ դրված գույքի վրա գրավատուի` երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (սույն հոդվածում այսուհետ` Սահմանափակում) չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար իրականացնելու սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում` բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով:

Այն դեպքում, երբ գրավառուն, օգտվելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, բռնագանձում է տարածում գրավի առարկայի վրա և իրացնում գրավի առարկան, ապա գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր Սահմանափակումները գրավի առարկայի իրացման ժամանակ դադարում են օրենքի ուժով, և նոր սեփականատիրոջը գույքն անցնում է առանց Սահմանափակումների: Սահմանափակումներն օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) են գրավառուի պահանջները բավարարելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մնացած դրամական միջոցների վրա:

Գրավառուն գրավի առարկայի իրացման ժամանակ դիմում է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնին օրենքի ուժով դադարած Սահմանափակումները գրանցումից (հաշվառումից) հանելու համար: Գրավառուի դիմումը հիմք է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնի համար Սահմանափակումը գրանցումից (հաշվառումից) հանելու համար:

Սույն հոդվածի համաձայն` գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը սույն օրենսգրքի 251 հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո փոխանցվում է գրավատուի բանկային հաշվին: Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ, կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել և վարել բանկային հաշիվ և այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Այդ մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին և Սահմանափակում կիրառած մարմնին: Ընդ որում, տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով, մուտքագրել չի թույլատրվում, և այդ հաշիվը ենթակա է փակման սույն մասով նախատեսված գումարը ելքագրվելուց հետո:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) է մինչև գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 366 հոդվածի դրույթները` սույն հոդվածի պահանջներին համապատասխան:

Եթե գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ապա նոր գրավառուն իրավասու է, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան` բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:

(243.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.