Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 251.
Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը

 

Գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:

Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Քաղաքացի գրավատուի (բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ) կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած համապատասխան գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

Բանկը (վարկային կազմակերպությունը) և քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Գրավառուի կողմից սույն գլխով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որևէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:

(251-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-233-Ն, 17.12.14 ՀՕ-264-Ն, 17.06.16 ՀՕ-110-Ն, 27.10.16 ՀՕ-190-Ն օրենքներ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.