Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 252.
Գրավ դրված գույքի վրա բռնագանձման և դրա իրացման դադարեցումը

 

Պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է:

Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:

Անձը, որը պահանջում է դադարեցնել գրավ դրված գույքի բռնագանձումը կամ դրա իրացումը, պարտավոր է գրավառուին հատուցել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու կապակցությամբ կրած ծախսերը:

 

Հոդված 252.1.
Գրավի առանձնահատկությունները ֆինանսական գործարքների դեպքում

 

Սույն գլխով նախատեսված դրույթները կիրառվում են ֆինանսական գործարքներից բխող պարտավորության գրավի հետ կապված հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

Սույն հոդվածի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում`

1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած պահանջները բավարարող գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները:

Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա գրավով ապահովված այդ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն բռնագանձման ծանուցում է ուղարկում գրավատուին (պարտապանին):

Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրով ավելի երկար ժամկետ չեն նախատեսել, բռնագանձման ծանուցումը պարտապանին (գրավատուին) ուղարկելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի սույն օրենսգրքի ուժով գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան կամ վերցնելու ի սեփականություն` համաձայն գրավի պայմանագրի:

Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա`

1) գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ կարող է սահմանվել նաև հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ.

2) հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ կարող է գրավառուին իրավունք վերապահվել գրավի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի դադարեցնելու գրավը և որպես սեփականություն ձեռք բերելու գրավադրված գույքը` այն որպես իր պարտավորությունների ապահովման միջոց օգտագործելու նպատակով (rehypothecation): Սկսած այն պահից, երբ գրավառուն օգտվում է նշված իրավունքից, գրավատուն գրավառուի նկատմամբ ձեռք է բերում գրավի առարկայի վերադարձման կամ վերջինիս արժեքի չափով պահանջի իրավունք, որն իրավասու է իրացնելու իր պարտավորության մարման օրը, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան գրավի պայմանագրով կամ համաձայնությամբ:

(252.1-ին հոդ. լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն օրենք)

 

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.