Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 464.
Սակարկություններ կազմակերպելու և անցկացնելու կարգը

 

Աճուրդները և մրցույթները կարող են լինել բաց և փակ:

Բաց աճուրդին և բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:

Սակարկություններն անցկացնելու մասին ծանուցումը պետք է արվի կազմակերպչի կողմից` սակարկություններ անցկացնելուց առնվազն երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի սակարկությունների ժամանակի, տեղի և ձևի, դրանց առարկայի ու անցկացման կարգի, այդ թվում` սակարկություններում մասնակցության ձևակերպման, սակարկություններում հաղթած անձանց որոշման, ինչպես նաև մեկնարկային գնի մասին:

Այն դեպքում, երբ սակարկությունների առարկան պայմանագիր կնքելու իրավունք է, կայացվելիք սակարկությունների մասին ծանուցման մեջ պետք է նշվի դրա համար տրամադրվող ժամկետը:

Բաց սակարկությունների կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել աճուրդ անցկացնելուց, սակայն ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, իսկ մրցույթն անցկացնելուց` ոչ ուշ, քան այն անցկացնելուց երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ սակարկություններ անցկացնելու մասին ծանուցմամբ:

Այն դեպքերում, երբ բաց սակարկությունների կազմակերպիչը դրանք անցկացնելուց հրաժարվել է նշված ժամկետների խախտմամբ, նա պարտավոր է մասնակիցներին հատուցել նրանց կրած իրական վնասը:

Փակ աճուրդի կամ փակ մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հատուցել իր հրավիրած մասնակիցների կրած իրական վնասը, անկախ այն բանից, թե ծանուցումն ուղարկելուց հետո ինչ ժամկետում է հրաժարվել սակարկություններից:

Սակարկությունների մասնակիցները դրանց անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունները չեն կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև սակարկություններում չհաղթած մասնակիցներին:

Սակարկություններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

Սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: Սակարկություններում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետևանքով կրած վնասները:

Եթե սակարկությունների առարկան միայն պայմանագիր կնքելու իրավունք է, ապա կողմերը նման պայմանագիրը պետք է ստորագրեն սակարկությունների ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո քսան օրվանից կամ ծանուցման մեջ նշված այլ ժամկետից ոչ ուշ:

Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաև դրա կնքումից խուսափելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:

(464-րդ հոդվածը փոփ. 08.10.03 ՀՕ-16-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.