Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 67.
Իրավաբանական անձի լուծարումը

 

Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել`

1) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.

3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով` իրավաբանական անձի լուծարման պահանջը կարող է դատարան ներկայացնել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին օրենքով նման պահանջ ներկայացնելու իրավունք է վերապահված:

Դատարանի վճռով իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ իրավաբանական անձի լուծարման լիազորություն ունեցող մարմնի վրա կարող են դրվել իրավաբանական անձին լուծարելու պարտականություններ:

Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:

Բանկերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրոյի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաև լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

(67-րդ հոդ. փոփ. 27.07.01 ՀՕ-205, 15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, 18.05.10 ՀՕ-69-Ն, 30.12.10 ՀՕ-253-Ն օրենքներ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.