Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 718.
Կապալառուի կատարած աշխատանքի ընդունումը պատվիրատուի կողմից

 

Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում ու կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին:

Աշխատանքն ընդունելիս թերություններ հայտնաբերած պատվիրատուն իրավունք ունի դրանք վկայակոչել այն դեպքերում, եթե ընդունումը հաստատող ակտում կամ այլ փաստաթղթում նախատեսվել է այդ թերությունները կամ հետագայում դրանց վերացման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:

Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունել է առանց ստուգման, զրկվում է աշխատանքի այն թերությունները վկայակոչելու իրավունքից, որոնք կարող էին հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ (բացահայտ թերություններ), եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունելուց հետո աշխատանքում հայտնաբերել է պայմանագրից շեղումներ կամ թերություններ, որոնք չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ)` ներառյալ այնպիսիք, որոնք կապալառուն դիտավորյալ թաքցրել է, պարտավոր է դրանք հայտնաբերելուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կապալառուին:

Պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն: Փորձաքննության ծախսերը կրում է կապալառուն, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձաքննությամբ հաստատվում է կապալառուի կողմից կապալի պայմանագրի խախտման կամ կապալառուի գործողությունների և հայտնաբերված թերությունների միջև պատճառական կապի բացակայությունը: Նշված դեպքերում փորձաքննության ծախսերը կրում է փորձաքննություն պահանջած կողմը, իսկ եթե փորձաքննությունը նշանակվել է երկու կողմերի համաձայնությամբ, ապա ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:

Պատվիրատուի կողմից կատարված աշխատանքն ընդունելուց խուսափելու դեպքում, հաշված այն օրվանից երկու ամիս անցնելուց հետո, երբ պայմանագրի համաձայն` աշխատանքի արդյունքը պետք է հանձնված լիներ պատվիրատուին, կապալառուն իրավունք ունի վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը` իր կատարած ծախսերի արժեքը պահելով, պատվիրատուի անունով մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Եթե կատարված աշխատանքն ընդունելուց պատվիրատուի խուսափելը հանգեցրել է աշխատանքը հանձնելու կետանցի, ապա պատրաստված, մշակված (վերամշակված) գույքի պատահական կորստի ռիսկը համարվում է պատվիրատուին փոխանցված` սկսած այն պահից, երբ այդ գույքը պետք է հանձնվեր:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.