Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 741.
Նախագծային փաստաթղթեր և նախահաշիվ

 

Կապալառուն պարտավոր է շինարարությունը և դրա հետ կապված աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունն ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող նախագծային փաստաթղթերին և աշխատանքի գինը որոշող նախահաշվին համապատասխան:

Շինարարական կապալի պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում ենթադրվում է, որ կապալառուն պարտավոր է կատարել նախագծային փաստաթղթերում և նախահաշվում նշված բոլոր աշխատանքները:

Շինարարական կապալի պայմանագրով պետք է սահմանված լինեն նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է նախատեսված լինի, թե կողմերից որը ու ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:

Կապալառուն, շինարարության ընթացքում հայտնաբերելով նախագծային փաստաթղթերում հաշվի չառնված աշխատանքներ և դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանքներ կատարելու և շինարարության նախահաշվային արժեքն ավելացնելու անհրաժեշտություն, պարտավոր է այդ մասին հաղորդել պատվիրատուին:

Տասնօրյա ժամկետում պատվիրատուից իր հաղորդման պատասխանը չստանալու դեպքում կապալառուն պարտավոր է դադարեցնել համապատասխան աշխատանքները` պարապուրդից առաջացած վնասները հաշվարկելով պատվիրատուի հաշվին, եթե դրա համար այլ ժամկետ սահմանված չէ շինարարական կապալի պայմանագրով: Պատվիրատուն ազատվում է այդ վնասները հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության բացակայությունը:

Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված պարտականությունները չկատարած կապալառուն զրկվում է պատվիրատուից իր կատարած լրացուցիչ աշխատանքների վարձատրություն և դրանցից բխող վնասների հատուցում պահանջելու իրավունքից, եթե չի ապացուցում, որ անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը բխել է պատվիրատուի շահերից, մասնավորապես, պայմանավորված է եղել այն պարագայով, որ աշխատանքը դադարեցնելը կարող էր հանգեցնել շինարարական օբյեկտի վնասման կամ փլուզման:

Լրացուցիչ աշխատանքներ կատարելու և դրանց վարձատրության համար պատվիրատուի համաձայնության դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել դրանք կատարելուց միայն այն դեպքերում, երբ այդպիսիք չեն մտնում կապալառուի մասնագիտական գործունեության բնագավառի մեջ, կամ կապալառուն չի կարող կատարել իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.