Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 99.
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը

 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք:

Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.

2) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

3) ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը, նրա շահույթն ու վնասները բաշխելը.

4) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը.

5) ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:

Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը` օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի` աուդիտորի (արտաքին աուդիտ):

Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին:

Ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության գործերի վարման արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը (հրապարակային հաշվետվություն) պարտադիր չէ, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.