ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 107. Եկամուտների ստացման աղբյուրները

 

1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝

1) ձեռնարկատիրական եկամուտները՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում.

2) պասիվ եկամուտները՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված եկամուտներում ներառվում են նաև՝

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում.

2) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտները.

3) այլ եկամուտները՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե՝

1) ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անկախ Օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, սույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե՝

ա. շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային և տեխնիկական վերահսկողության), անշարժ գույքի նորոգման, վերականգնման և կանաչապատման, ինչպես նաև անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները) անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի հետ,

բ. բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը (բացառությամբ փոստային ծառայության և օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության) փաստացի մատուցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն դեպքում, երբ բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում առանձնացված է Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը, ապա Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում միայն այդ մասին համապատասխանող եկամուտը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը համարվում է առանձնացված, եթե այդ փաստաթղթում առանձին նշված է սահմանային բնակավայրից (այդ թվում՝ հարևան պետության տարածքում գտնվող) մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող նշանակման վայր (կամ հակառակը) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության դիմաց հատուցումը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը,

գ. փոստային ծառայությունը կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի մատուցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն դեպքում, երբ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը՝ արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի՝ ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով, բացառությամբ սույն կետի «ե» ենթակետով սահմանված դեպքերի,

դ. սույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված ծառայությունների հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման, ուղեկցման և համանման այլ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման ժամանակ ապրանքները փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում,

ե. փոստային ծառայությունը սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող փոստային ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա անկախ ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը առանձնացված լինելու հանգամանքից, Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում գործարքի դիմաց հատուցման ողջ գումարը),

զ. հեռահաղորդակցության ծառայությունները մատուցվել են հեռահաղորդակցության օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և (կամ) գրանցված հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ,

է. տեղեկատվությունը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեից և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեին,

ը. գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

թ. աուդիտորական ծառայություն ստացող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում.

3) այդ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող միջնորդական գործունեությունից.

4) այդ եկամուտները ստացվել են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում իր մշտական հաստատությանը կառավարման, ֆինանսական կամ ապահովագրական ծառայությունների մատուցումից:

Եթե ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կատարած աշխատանքների կամ մատուցված ծառայությունների բնույթով պայմանավորված՝ հնարավոր չէ առանձնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մասը, կամ եթե հնարավոր չէ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով պասիվ եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե՝

1) շահաբաժինները ստացվում են ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված համատեղ գործունեությունից.

2) տոկոսները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից).

3) ռոյալթիները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից).

4) վարձակալական վճարը կամ սերվիտուտի վճարը ստացվում է՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց,

բ. այնպիսի շարժական գույքի (բացառությամբ օդանավերի) տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց, որը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է (ենթակա է գրանցման) Հայաստանի Հանրապետությունում, կամ որը վարձակալության պայմանագրի կնքման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

5) ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ակտիվների (բացառությամբ բաժնետոմսերի և ներդրում վկայող այլ արժեթղթերի) արժեքի հավելաճը ստացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ակտիվների օտարումից (բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվների արժեքի հավելաճը մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության արդյունք է), իսկ բաժնետոմսերի և ներդրում վկայող այլ արժեթղթերի պարագայում՝ եթե արժեքի հավելաճը ստացվում է ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի կամ այդ կազմակերպության թողարկած՝ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից: Ընդ որում`

ա. ակտիվների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման, տեղափոխման և (կամ) տեղակայման փաստը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվների սկզբնական արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով վերջիններիս ներմուծմանը վերաբերող փաստաթղթերում (ներմուծման մաքսային հայտարարագիր կամ ներմուծման հարկային հայտարարագիր), տեղափոխմանը և (կամ) տեղակայմանը վերաբերող հաշվարկային փաստաթղթերում նշված արժեքը, եթե բացակայում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերը,

բ. ակտիվների ձեռքբերման փաստը հաստատող հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվների սկզբնական արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռքբերմանը, տեղափոխմանը և (կամ) տեղակայմանը վերաբերող հաշվարկային փաստաթղթերում նշված արժեքը,

գ. մաշվածության կամ ամորտիզացիայի (այսուհետ՝ ամորտիզացիա) ենթակա ակտիվների օտարման դեպքում ակտիվների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է՝ հաշվի առնելով օտարման պահին դրանց հաշվեկշռային արժեքը, որի համար հիմք է հանդիսանում օտարողի տված փաստաթուղթը,

դ. օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների օտարման դեպքում ակտիվների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է՝ հաշվի առնելով դրանց վերագնահատված արժեքը, եթե այդ վերագնահատման արդյունքները հաշվի են առնվում շահութահարկով հարկման բազան կամ շահութահարկը որոշելիս,

ե. արտարժույթի փոխանակման դեպքում ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է որպես Հայաստանի Հանրապետության դրամով ստացված դրամական միջոցների և դրանց դիմաց վճարված արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով Հայաստանի Հանրապետության դրամով վերահաշվարկված գումարի դրական տարբերություն,

զ. ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների մասով սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ակտիվների արժեքի հավելաճ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների ամբողջ արժեքը.

6) այլ պասիվ եկամուտները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից):

4. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 3-րդ կետի կիրառության նպատակով սույն հոդվածի 2-4-րդ մասերում չնշված այլ եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե դրանք ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե հնարավոր չէ սույն մասում նշված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

6. Այն եկամուտները, որոնք, սույն հոդվածի 1-5-րդ մասերի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.