ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 108. Եկամուտ չհամարվող տարրերը

 

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.

2) շահութահարկ վճարողի լուծարման մասին որոշման առկայության դեպքում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.

3) շահութահարկ վճարողի բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը.

4) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե այդ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջով.

5) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը.

6) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները, եթե սույն կետում նշված գործարքները կատարվում են հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումից հետո.

7) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը.

8) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը.

9) հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարները.

10) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները.

11) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները.

12) հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հազար դրամ հարկային պարտավորության գումարը.

13) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից).

14) միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրվող տույժերը.

15) խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտները.

16) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

17) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները:

2. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում նաև՝

1) արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները: Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում՝

ա. ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից,

գ. ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ռեզիդենտին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.