ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

 

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում.

2) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

2. Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:

3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես՝

1) ապրանքի մատակարարումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքի մատակարարման պահին.

2) աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պահին.

3) տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա պարտքին վերաբերող տոկոսների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

4) վարձակալական վճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա վարձակալական վճարների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

5) շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ:

4. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝

1) առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում,

գ. հողամասերը եկամուտ են համարվում տասը հարկային տարիների ընթացքում, ներառյալ՝ դրանց ստացման հարկային տարին՝ յուրաքանչյուր հարկային տարում հավասարաչափ: Եթե սույն ենթակետով սահմանված ժամանակահատվածում անհատույց ստացված հողամասն օտարվում է, ապա հողամասի արժեքի՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում հողամասի օտարման հարկային տարում,

դ. ակտիվների սկզբնական արժեքները, եթե սույն կետի «ե» ենթակետով այլ բան սահմանված չէ, որոշվում են այդ ակտիվների ստացման գործարքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժեքների հիման վրա, իսկ այդ փաստաթղթերում արժեք նշված չլինելու դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա,

ե. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով.

2) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացած ակտիվները, եթե դրանք ստացվում են մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը: Սույն կետով սահմանված ակտիվները՝

ա. եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգերով,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, իսկ համատեղ գործունեության պայմանագրով ներդրման արժեք նախատեսված չլինելու դեպքում՝ հաշվետու մասնակցի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

3) դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված և սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին փոխանցվող ակտիվները: Սույն կետով սահմանված ակտիվները եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով և չափով.

4) տիրազուրկ ակտիվների նկատմամբ շահութահարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ ակտիվները: Սույն կետով սահմանված՝

ա. ակտիվները եկամուտ են համարվում դրանց նկատմամբ շահութահարկ վճարողի իրավունքների ճանաչման հարկային տարում,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են դրանք ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ակտիվների արժեքի չափով, իսկ այդպիսի ակտիվների բացակայության դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

5) գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկը՝ հիմք ընդունելով այդ գույքի սկզբնական արժեքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկ է համարվում այն գույքը, որը շահութահարկ վճարողի մոտ որևէ կերպ հաշվառված չէ, և միաժամանակ առկա չեն այդ գույքի՝ շահութահարկ վճարողին կամ այլ կազմակերպությանը կամ այլ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանելիությունը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը շահութահարկ վճարողի կողմից օգտագործվում է վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. գույքը եկամուտ է համարվում դրա հայտնաբերման հարկային տարում,

բ. գույքի սկզբնական արժեքը որոշվում է այն ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի արժեքի չափով, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում՝ ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

6) կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների՝ ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Սույն կետի կիրառության իմաստով՝ պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը.

7) ապահովագրական հատուցումները.

8) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող այլ եկամուտները.

9) տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով եկամուտները, բացառությամբ միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 335-րդ հոդվածով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի.

10) անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարված նվազեցումները.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ սույն մասի 12-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝

ա. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները,

գ. դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները:

Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքը առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը,

բ. ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ,

գ. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը մինչև դրանց անհուսալի դառնալը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարվելու դեպքում,

դ. դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում,

ե. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում՝ մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը,

զ. անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում,

է. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս գրվում դրանց գծով հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսները,

ը. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ,

թ. կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում եկամուտ է համարվում ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված կրեդիտորական պարտքի գումարը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի առաջացմանը հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան, բացառությամբ հանրային ծառայությունների մատուցման արդյունքում առաջացող կրեդիտորական պարտքերի,

ժ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում կրեդիտորական պարտքը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելու դեպքում եկամուտ է համարվում կրեդիտորական պարտքի՝ չհատուցված (չվճարված) մասը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝

ա. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները,

գ. հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

13) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

14) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

15) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով.

16) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարները, եթե այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով ճանաչվել են որպես համախառն եկամտից նվազեցում: Սույն կետով սահմանված ավելացվող գումարները ներառվում են այն հարկային տարվա համախառն եկամտի մեջ, որում ներառված՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը:

5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում եկամուտը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն մասի կիրառության իմաստով՝

 1) եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

 2) ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում՝ որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.