ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 122. Կորուստները

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են գույքի բնական կորուստները՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական, պատահական, տեխնոլոգիական և (կամ) այլ կորուստները՝ սույն հոդվածի համապատասխանաբար 3-7-րդ մասերով սահմանված կարգով:

2. Գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի բնական կորուստ է համարվում գույքի պահպանության կամ տեղափոխության ընթացքում ֆիզիկաքիմիական, մեխանիկական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ գույքի քաշի, չափի, ծավալի և (կամ) քանակի նվազումը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու կամ բնական կորստի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով (բնական կորստի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում՝ գերազանցող չափով) չի նվազեցվում:

3. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

4. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված պատահական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է ամբողջ չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի պատահական կորուստ է համարվում գույքի կորուստը, ոչնչացումը կամ վնասումը, որը տեղի է ունեցել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:

5. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է որպես նյութածախսի տարր՝ սույն մասով սահմանված չափով՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև այդ մասով սահմանված չափով և կարգով: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի տեխնոլոգիական կորուստ են համարվում՝

1) շահութահարկ վճարողի կողմից միավոր արտադրանքի արտադրության (հավաքման, պատրաստման) համար սահմանված՝ հումքի, նյութերի, դետալների և (կամ) հանգույցների ծախսի նորմայի այն մասը, որը արտադրության (հավաքման, պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիայի հետևանքով կորցրել է իր որակական հատկանիշները.

2) խոտան արտադրանքը՝ շահութահարկ վճարողի սահմանած նորմայի չափով.

3) օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստները:

6. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի չափով՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը սույն հոդվածի 2-5-րդ մասերում չնշված՝ գույքի փաստացի այլ կորուստն է:

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորստի որևէ նորմա սահմանված չլինելու կամ որևէ նորմա գերազանցվելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստների առկայության դեպքում համապատասխան կորուստները համախառն եկամտից նվազեցվում են՝

ա. վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում,

բ. վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` այդ որոշման ընդունման հարկային տարում,

գ. դատարանի կողմից վնաս պատճառողին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ ընդունելու դեպքում` այդ ակտն ուժի մեջ մտնելու հարկային տարում:

8. Սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված՝ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.