ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 123. Այլ նվազեցումները

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝

1) անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտում ներառված գումարները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝

ա. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները,

բ. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները,

գ. նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝

ա. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները,

բ. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները,

գ. նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.

4) հարկային տարվան նախորդող հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները՝ որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների բացասական տարբերություն: Սույն կետի կիրառության իմաստով՝ հարկային վնասները նվազեցվում են այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների համախառն եկամտից՝ հաշվի առնելով սույն կետով սահմանված հետևյալ կանոններն ու սահմանափակումները.

ա. հարկային տարվան նախորդող հինգ հարկային տարիների (կամ դրանցից մի քանիսի) գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները համախառն եկամտից նվազեցնելու հաջորդականության առումով առաջնահերթորեն նվազեցված է համարվում ավելի վաղ առաջացած հարկային վնասը,

բ. հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների (կամ դրանցից մի քանիսի) գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները, տվյալ հարկային տարվա ծախսերը և տվյալ հարկային տարվա կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հաջորդականության առումով առաջնահերթորեն նվազեցված են համարվում տվյալ հարկային տարվա ծախսերը և տվյալ հարկային տարվա կորուստները,

գ. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն,

դ. մինչև Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեություն սկսելը՝ հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները հետագայում կրկին հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում համախառն եկամտից նվազեցնելու առումով այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների հաշվարկում ներառվում են նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեության իրականացման տարիները,

ե. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը նոր ստեղծված կազմակերպություններին փոխանցվում է հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ չափ նախատեսված չէ,

զ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը նվազեցվում է միայն այն կազմակերպության համախառն եկամտից, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ (չի փոխանցվում առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին), եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ,

է. սույն կետի «ե» և «զ» ենթակետերի համաձայն՝ հարկային վնասները նվազեցնելու իրավունք ունեցող կազմակերպությունների մոտ նախորդող հինգ հարկային տարիների հաշվարկը կատարելիս հաշվի են առնվում նաև վերակազմակերպվող կազմակերպության մոտ՝ մինչև բաժանումը կամ առանձնացումը, այդ հարկային վնասների առկայության հարկային տարիները, որոնց մասին, ըստ հարկային վնասների առաջացման հարկային տարիների, նշում է կատարվում բաժանիչ հաշվեկշռում,

ը. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում միաձուլված կազմակերպությունների նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները չեն նվազեցվում նոր ստեղծված կազմակերպության համախառն եկամտից,

թ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում միացող կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները չեն նվազեցվում այն կազմակերպության համախառն եկամտից, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ,

ժ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, չեն նվազեցվում տվյալ կազմակերպության համախառն եկամտից.

5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

6) շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում՝ համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից.

7) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով:

2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.