ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը

 

1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`

ա. հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը,

բ. տեխնիկական մշակաբույսերը,

գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,

դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,

ե. կերարտադրության այլ արտադրանքը,

զ. պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը,

է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,

ը. ծառերի և թփերի սածիլները,

թ. ծառերի և թփերի տնկիները,

ժ. անասնաբուծության արտադրանքը,

ժա. խոզաբուծության արտադրանքը,

ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,

ժգ. թռչնաբուծության արտադրանքը,

ժդ. ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,

ժե. եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,

ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,

ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը.

2) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացվող եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված՝ կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամտի տվյալների վրա:

2. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետևյալ եկամուտների մասով.

1) առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարվող պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.

2) հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցվող և բանկերի նկատմամբ ձեռք բերվող պահանջի հիման վրա բանկերից ստացվող գումարների մասով.

3) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են հետևյալ ակտիվներում կատարված ներդրումներից.

ա. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ,

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում,

դ. ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,

ե. բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

զ. բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում,

է. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ ֆինանսական ակտիվներում:

3. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված բյուրոն՝ այդ օրենքի համաձայն բյուրոյի կազմում ստեղծված երաշխավորման ֆոնդին կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ՝ այն եկամուտների մասով, որոնք ստացվել են երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:

4. Շահութահարկի վճարումից ազատվում է Համահայկական բանկը:

5. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով:

6. Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողները՝ ձեռագործ գորգերի իրացումից ստացվող եկամտի մասով:

7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.