ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 135. Շահութահարկի կանխավճարները

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով, եթե տվյալ հարկ վճարողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման՝ նույն մասով սահմանված այլընտրանքային եղանակը:

2. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի մեջ չեն ներառվում (այդ գումարից նվազեցվում են)՝

1) Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շրջանառության հարկի կամ արտոնագրային հարկի գումարներում առկա՝ շահութահարկի հաշվարկային մասնաբաժինները.

2) շահութահարկի այն գումարները, որոնց վճարումից շահութահարկ վճարողներն ազատված են Օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում.

3) շահութահարկի այն գումարները, որոնք նվազեցվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված դեպքերում.

4) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները.

5) նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգմամբ կամ վերստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տարիներին են դրանք վերաբերում):

3. Մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են նախորդ հարկային տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: Նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարը հաշվարկելուց (շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև շահութահարկի հաշվարկի ներկայացումը՝ տվյալ հարկային տարվա ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 1-ին մասում նշված չափերով:

4. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների ավելացվող կամ պակասեցվող գումարները` պայմանավորված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի հանրագումարի փոփոխությամբ (այդ թվում` եռամսյակի որևէ հաշվետու ամսվա համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում) հիմք են հանդիսանում այդ հաշվարկի ներկայացման կամ ճշտված հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար.

2) հարկային մարմնի իրականացրած ստուգման կամ վերստուգման արդյունքներով նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի վերահաշվարկներ չեն կատարվում:

5. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողները ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում, եթե չեն ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված այլընտրանքային եղանակը: Եթե սույն մասում նշված հարկ վճարողները ընտրել են շահութահարկի կանխավճարների կատարման՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված այլընտրանքային եղանակը, ապա շահութահարկի կանխավճարն առաջին անգամ կատարում են՝

1) հայտարարության ներկայացման օրն ընդգրկող եռամսյակի համար, եթե հայտարարությունը ներկայացվել է մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ.

2) հայտարարության ներկայացման օրն ընդգրկող եռամսյակին հաջորդող եռամսյակի համար, եթե հայտարարությունը ներկայացվել է տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ից հետո՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա վերջին օրը ներառյալ:

6. Եթե հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջների խախտմամբ իրեն չի համարել ԱԱՀ վճարող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունքում տվյալ հարկ վճարողը համարվել է ԱԱՀ վճարող, ապա շահութահարկի կանխավճարն առաջին անգամ կատարվում է ստուգման ակտը կամ այլ փաստաթուղթը հարկ վճարողին ներկայացնելու օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա առաջին եռամսյակի համար, եթե տվյալ հարկային տարում հարկ վճարողը, Օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող:

7. Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել.

2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել:

8. Հարկային տարվա ընթացքում՝

1) բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

2) առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը, իսկ առանձնացված կազմակերպությունը կամ կազմակերպությունները վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող են կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

3) միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությունը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

4) միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.