ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 146. Գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը

 

1. Ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, եթե վերջիններս որպես գրավատու հանդես են գալիս որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ) գրավ դրված գույքը բռնագանձման արդյունքում (այդ թվում՝ հարկադիր կամ սնանկության աճուրդից գնման կամ հանձնման դեպքում) սեփականության իրավունքով գրավառու բանկին կամ վարկային կազմակերպությանը անցնելու դեպքում գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացվող եկամուտ է համարվում գրավ դրված գույքի օտարման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

3. Արտադատական կարգով բռնագանձման արդյունքում բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած՝ գրավ դրված գույքի օտարումից ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին են համարվում`

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե այդ օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը.

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել: Ընդ որում, բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումը անկախ գնահատողի կողմից:

4. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին կամ վարկային կազմակերպությանն ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

5. Բանկը կամ վարկային կազմակերպությունը և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնել, որ սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ գրավ դրված գույքի օտարման արդյունքում ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին համարվեն այն բանկին կամ վարկային կազմակերպությանը ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի որոշած շուկայական գինը: Սույն մասով սահմանված համաձայնությունը կնքվում է գրավոր:

6. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանն ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը (այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները), ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և օտարելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի օտարման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.