ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

 

1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարները` ֆիզիկական անձի հարկման բազայի հինգ տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները.

6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.

7) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն՝ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափը և ծխախոտի դիմաց ստացվող դրամական փոխհատուցումները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող միանվագ վճարները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները: Սույն կետի կիրառության իմաստով՝ նվազեցվող եկամուտ չի համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքը.

14) ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.

15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները.

16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (բնակարան, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոտնակ, անձնական օգտագործման ավտոմեքենա) օտարումը, եթե անձնական օգտագործման ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կամ եթե անշարժ գույքն օտարվում է ձեռք բերելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,

բ. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,

գ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,

դ. եթե անձնական օգտագործման ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը,

ե. եթե սույն կետի «դ» ենթակետում չնշված գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը, բայց ոչ պակաս՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից,

զ. գույք ձեռք բերել չի համարվում գույքի՝ ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը.

17) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները և մարմինները.

18) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ բաց թողնված եկամտի փոխհատուցման գումարների.

19) ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

20) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները.

21) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները.

23) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով.

24) բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները.

25) պետական պարգևները (մրցանակները).

26) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրվող և հատուցվող տոկոսների.

27) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցվող գումարները.

28) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները.

29) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով.

30) միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ֆիզիկական անձի օգտին հաշվեգրվող տույժերը.

31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.

32) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) կամ վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը.

33) Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում: Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ չեն համարվում աշխատողներին բնակության վայրից մինչև աշխատանքի վայր (և հակառակը) հասցնելու (տեղափոխելու) հետ կապված՝ գործատուի կատարած ծախսերը.

34) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

35) գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները՝ Օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն.

36) արժեթղթերից ստացվող եկամուտները՝ Օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.