ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը

 

1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

 

Հարկման բազայի ամսական մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 150000 դրամը ներառյալ

23 տոկոս

150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ

34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

2000000-ից ավելի դրամ

552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

 

Հարկման բազայի տարեկան մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 1800000 դրամը ներառյալ

23 տոկոս

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

24000000-ից ավելի դրամ

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

2. Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված՝ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկային գործակալի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս դրույքաչափով:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

5. Տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

6. Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

7. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 58.35 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար հաշվարկվում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:

8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:

9. Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի՝

1) «ա» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով.

2) «բ» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ սույն մասում նշված անձանցից տարբերվող հարկ վճարողներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

11. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

12. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գույքի օտարում չի համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը:

13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները: Սույն մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված՝ վճարվող եկամուտները հիմնավորող գրավոր փաստաթղթեր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողին վերաբերող անհրաժեշտ տվյալները:

14. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ հարկ վճարողներից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպությունների՝ վերջիններիս թողարկած և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

15. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.