ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 16. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները

 

1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝

1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝

ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման հարկային հայտարարագրի ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ապրանքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.

3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.