ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 165. Բնապահպանական հարկով հարկման բազան

 

1. Բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում բնապահպանական հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնապահպանական հարկի գումարը:

2. Արտանետման աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝ մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալը.

2) արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ ըստ խմբերի,

բ. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների շարժիչի հզորությունը,

գ. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների տեսակը և բեռնատարողությունը:

3. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի փաստացի ծավալը` տվյալ ջրահեռացման ցանցը սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ծավալը, իսկ մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում` վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ամբողջ ծավալը:

4. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում տեղադրված թափոնների ծավալը՝ ըստ վտանգավորության դասերի.

2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում պահվող թափոնների ծավալը՝ ըստ վտանգավորության դասերի:

5. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝

ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքը,

բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի).

2) ներմուծող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

3) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

4) ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան` առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.