ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 175. Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

 

1. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալների սահմաններում արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ բազմապատիկ դրույքաչափերի) արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները գերազանցող՝ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում արտանետված վնասակար նյութերի փաստացի ամբողջ ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտանետումների՝ այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտանետումների՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

2. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետական բյուջե վճարման ենթակա տարեկան բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցի, այլ ինքնագնաց մեքենայի և մեխանիզմի, ինչպես նաև լողամիջոցի համար հաշվարկվում է հարկման բազայի և Օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափերի արտադրյալով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.