ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 179. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:

2. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով: Ներմուծող հարկ վճարողները սույն մասում նշված բնապահպանական հարկը հաշվարկում են ինքնուրույն և հաշվարկված բնապահպանական հարկի գումարը ներառում են Օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:

3. Ներմուծող-իրացնողների կողմից հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:

4. Արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:

5. Ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

2) ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:

6. Արտադրող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

2) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ մատակարարներին վճարումները կատարվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում, ապա այդ գումարների մասով հաշվանցումները (պակասեցումները) կարող են կատարվել (Օրենսգրքով սահմանված կարգով ու դեպքերում ճշտված հարկային հաշվարկների ներկայացմամբ) միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանում` սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական հարկից չհաշվանցված (չպակասեցված) գումարները բնապահպանական հարկ վճարողի՝ առաջիկա բնապահպանական հարկի վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.