ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 19. Հարկային արտոնությունները

 

1. Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները.

1) հարկից ազատում.

2) հարկման օբյեկտի նվազեցում.

3) հարկման բազայի նվազեցում.

4) հարկի դրույքաչափի նվազեցում.

5) հարկի նվազեցում.

6) հարկի վճարման ժամկետի հետաձգում.

7) Օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` Օրենսգրքով սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային արտոնությունների տեսակները կիրառելի են նաև բնօգտագործման վճարի համար:

3. Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

4. Հարկ վճարողը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն և հրաժարվել հարկային արտոնությունից օգտվելու իրավունքից: Սույն մասով սահմանված հայտարարության ներկայացման դեպքում՝

1) հարկային արտոնությունը դադարում է գործել հայտարարության ներկայացման օրվանից հետո ձևավորվող հարկման օբյեկտների մասով.

2) հայտարարության ներկայացման օրվանից հետո իրականացվող գործարքները, գործառնությունները Օրենսգրքի կիրառության իմաստով համարվում են հարկվող գործարքներ, գործառնություններ.

3) հարկ վճարողը մինչև հայտարարության ներկայացման օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը չի կարող հրաժարվել հարկային արտոնությունից չօգտվելու վերաբերյալ հայտարարությունից.

4) հարկ վճարողի կողմից չօգտագործված հարկային արտոնությունը ենթակա չէ փոխանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններ՝ ապագա հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով.

5) հարկային արտոնությունից չօգտվելը հարկ վճարողին չի ազատում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու դեպքում նրա նկատմամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառությունից:

5. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով ԱԱՀ-ի և շահութահարկի գծով Օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունները կասեցվում են, բացառությամբ Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման գործառնությունների համար ԱԱՀ-ի գծով սահմանված հարկային արտոնությունների:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.