ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 202. Ռոյալթիի բազան

 

1. Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառությունը:

2. Ռոյալթիի հաշվարկման համար իրացման շրջանառությունը որոշվում է հաշվեգրման եղանակով:

3. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին՝ հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված՝ խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալի գին, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի.

3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացման շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը՝ հիմք ընդունելով հետևյալը.

ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը,

բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացման շրջանառության նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում,

գ. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը տասը տոկոս և ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, այդ ամսվա ընթացքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության և մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 90 տոկոսի արտադրյալով,

դ. խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիների հարկային հաշվարկներում):

4. Ռոյալթի վճարողի կողմից ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան, հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.

2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

3) ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:

5. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.

2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի (խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը, որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.

3) վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:

6. Իրացման շրջանառության որոշման նպատակով, առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով: Սույն մասով սահմանված արտադրանքի օտարման դեպքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մետաղների վերջնական պարունակությունից (արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները:

7. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը:

(202-րդ հոդվածը 01.03.17 ՀՕ-79-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների լրացմամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թվականին:)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.