ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 203. Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները

 

1. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված (այդ թվում` ածխաթթու գազի արտադրված) պաշարների, ինչպես նաև աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.

4) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ.

5) կենսապաշարների օգտագործման համար՝

ա. բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները,

բ. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները,

գ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:

2. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները համարվում են զրոյական հետևյալ դեպքերում.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը.

3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (այդ թվում` աղի) և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները նշված չլինելը.

4) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագիր (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) չունենալը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.