ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 228. Անշարժ գույքի հարկով հարկման բազան

 

1. Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով գնահատված հողամասի և շինությունների կադաստրային արժեքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված` կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը:

3. Անշարժ գույքի գնահատումը կամ վերագնահատումը (այսուհետ սույն բաժնում նաև` կադաստրային գնահատում) կատարում է անշարժ գույքի կադաստր վարող մարմինը երեք տարին մեկ անգամ` կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված կամ վերագնահատված կադաստրային արժեքը (հաշվարկային զուտ եկամուտը) հիմք է ընդունվում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների համար հարկման բազան որոշելու համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված, ինչպես նաև կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկման բազան հաշվարկվում է Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին կամ 2-րդ հավելվածներով սահմանված կադաստրային գնահատման կարգերով, որը հիմք է ընդունվում գնահատման ամսվան հաջորդող ամսվանից մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար:

5. Սույն բաժնի կիրառության իմաստով` նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած է համարվում կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարվա ավարտը նոր կառուցված կամ նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի), ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող (այդ թվում` Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված) անշարժ գույքը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անշարժ գույքի վերաբերյալ ընթացիկ հաշվառման տեղեկությունները հաշվառող մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող մարմին են ներկայացնում Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կադաստրային արժեքները և հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչև անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.