ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 27. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատություն (այսուհետ՝ մշտական հաստատություն) է համարվում Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված՝ սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկը, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից.

1) արտադրության իրականացման, վերամշակման, կոմպլեկտավորման, վերափաթեթավորման, փաթեթավորման և (կամ) ապրանքների մատակարարման ցանկացած վայրը.

2) կառավարման ցանկացած վայրը.

3) ընդերքի երկրաբանական հետազոտության, հետախուզության իրականացման, օգտակար հանածոների արդյունահանման նախապատրաստական աշխատանքների և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) աշխատանքների կատարման, հետախուզության և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման նկատմամբ հսկողության և (կամ) դիտարկման ծառայությունների մատուցման ցանկացած վայրը.

4) գործունեության իրականացման ցանկացած վայրը՝ կապված խաղային մեքենաների, համակարգչային ցանցերի և հաղորդակցման ուղիների, ատրակցիոնների տեղադրման, հարմարեցման և շահագործման, ինչպես նաև տրանսպորտային կամ այլ ենթակառուցվածքի հետ.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառքի վայրը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասով.

6) շինարարական գործունեության և (կամ) շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողական ծառայությունների մատուցման ցանկացած վայրը.

7) ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը, բացառությամբ այն ներկայացուցչության, որն իրականացնում է բացառապես սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեություն.

8) կազմակերպության կամ ֆիզիկական անձի գտնվելու վայրը, որը, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի անունից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է միջնորդական գործունեություն.

9) Օրենսգրքի 5-րդ գլխի կամ օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված` համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում իրականացվող համատեղ գործունեության հաշվետու մասնակցի գտնվելու վայրը, եթե այդ համատեղ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների և (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ և (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 և ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում:

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ կապակցված ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնց վերաբերյալ պայմանագրերը համարվում են փոխկապակցված կամ փոխկախված:

Փոխկապակցված են համարվում այն պայմանագրերը, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները.

1) այդպիսի պայմանագրերով ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից միևնույն հարկային գործակալի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի համար կատարվում են նույն աշխատանքները կամ միևնույն հարկային գործակալին կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին մատուցվում են նույն ծառայությունները.

2) մեկ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման ավարտի օրվա և մեկ այլ պայմանագրի կնքման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում տասներկուամսյա անընդմեջ ժամանակահատվածը:

Փոխկախված են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի և հարկային գործակալի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջև, որի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից պարտավորությունների չկատարումը ազդում է այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից այլ պայմանագրերի կատարման վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ապրանքների վաճառքի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետությունում ձևավորում է մշտական հաստատություն, եթե այդ գործունեությունը շարունակվում է ավելի քան երեսուն օր:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող` ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հիմնական գործունեությունից տարբերվող` նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեության իրականացումը չի հանգեցնում մշտական հաստատության ձևավորման, եթե այդ գործունեությունն իրականացվում է ոչ ավել, քան երեք տարի ժամանակով: Ընդ որում, նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեությունը պետք է իրականացվի անմիջապես տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի, այլ ոչ թե այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի համար: Նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեություն են համարվում՝

1) ցանկացած վայրի օգտագործումը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին պատկանող ապրանքների` բացառապես պահպանման և (կամ) ցուցադրման նպատակով.

2) մշտական գործունեության վայրում բացառապես ապրանքների գնումը՝ առանց դրանց վաճառքի.

3) մշտական գործունեության վայրում բացառապես տեղեկատվության հավաքումը, մշակումը և (կամ) տարածումը, գովազդը կամ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների շուկայի ուսումնասիրությունը, որն իրականացվում է ոչ ռեզիդենտի կողմից, եթե այդ գործունեությունը չի հանդիսանում այդ ոչ ռեզիդենտի հիմնական գործունեությունը:

5. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը կախյալ գործակալ համարվող կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդ դեպքում համարվում է, որ այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի մշտական հաստատություն` կապված ցանկացած գործունեության հետ, որը կախյալ գործակալն իրականացնում է այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ կախյալ գործակալ է համարվում այն կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմանները.

1) պայմանագրային հարաբերությունների հիման վրա լիազորված է Հայաստանի Հանրապետությունում ներկայացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի շահերը, գործել ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունից և հաշվին, գործել և (կամ) իրականացնել որոշակի իրավական գործողություններ.

2) սույն մասի 1-ին կետում նշված գործունեությունը չի իրականացվում մաքսային ներկայացուցչի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի և այլ բրոկերային գործունեության շրջանակներում (բացառությամբ ապահովագրական միջնորդական գործունեության).

3) դրա գործունեությունը չի սահմանափակվում գործունեության այն տեսակներով, որոնք սահմանված են սույն հոդվածի 4-րդ մասով:

6. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով այլ բան սահմանված չէ, ապա ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, այդ թվում՝ մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին, մատուցում է օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություններ, այդ ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում չի ձևավորվում մշտական հաստատություն, եթե՝

1) աշխատուժը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անունից և շահերից,

2) օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պատասխանատվություն չի կրում աշխատուժի կատարած աշխատանքի արդյունքի համար:

7. Այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով, այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պարտավոր է Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հաշվառվել հարկային մարմնում: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող գործունեությունը հանգեցնում է երկու և ավելի մշտական հաստատությունների ձևավորման, որոնք, սույն հոդվածի և Օրենսգրքի 58-րդ գլխի համաձայն, պետք է հաշվառվեն հարկային մարմնում, ապա հաշվառման ենթակա է մշտական հաստատություններից միայն մեկը: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հաշվառվել հարկային մարմնում նաև այն դեպքում, երբ նրա կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը դեռևս չի բնութագրվում մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով:

8. Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով, սակայն այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, չի հաշվառվել հարկային մարմնում, ապա այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են Օրենսգրքով սահմանված՝ հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման այն կարգավորումները, որոնք կիրառելի են մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ:

9. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում գործունեության իրականացման դեպքում այդ պայմանագրի յուրաքանչյուր կողմի գործունեությունը հանգեցնում է մշտական հաստատության ձևավորման՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

10. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի գործունեության իրականացման սկիզբ է համարվում՝

1) հետևյալ երևույթներից որևէ մեկի տեղի ունենալու օրը.

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում իր անունից գործողություններ կատարելու թույլտվության ստացում,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերում՝ իրացման նպատակով,

դ. համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում,

ե. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման նպատակով աշխատանքի, ծառայությունների ձեռքբերում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձի հետ առաջին աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման օրը կամ սույն մասի 1-ին կետով սահմանված պայմանագրերում նշված պայմանների իրականացման համար աշխատողի՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից գործունեության իրականացման սկիզբը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն մասի 1-ին կետի «ա»-«ե» ենթակետերով սահմանված ժամկետներից որևէ մեկը.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված գործունեության տեսակներ իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրը:

Սույն հոդվածով սահմանված պայմաններից մի քանիսի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության իրականացման սկիզբ է համարվում սույն հոդվածում նշված առավել վաղ ժամկետը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.