ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 275. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություններ կայացնելը և արտոնագիր տրամադրելը

 

1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից, հարկային մարմին են ներկայացնում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն:

2. Գործունեության տվյալ տեսակի համար արտոնագիր ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը գործունեության տվյալ տեսակի մասով արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև նախկին արտոնագրով նախատեսված հաշվետու ժամանակաշրջանից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելու օրվան նախորդող օրը:

3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ` հարկային մարմին է ներկայացվում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ նոր հայտարարություն` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի մեծությունների հանրագումարով:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և հաշվետու ժամանակաշրջանի մասով` մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանված ձևի արտոնագիր, եթե մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի:

Սույն մասով սահմանված դեպքում մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված, եթե մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կատարել է սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր, եթե մինչև նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է ավելացված ելակետային տվյալների մասով սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի հանրագումարով` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև նախկինում տրամադրված արտոնագրում նշված` հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ներառող հաշվետու ամսվա համար:

Սույն մասով սահմանված դեպքում մինչև նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված, եթե մինչև նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի:

6. Հարկային մարմինը արտոնագիրը տրամադրում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

7. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է սույն հոդվածով սահմանված կարգով` առանց արտոնագրային հարկի վճարման:

8. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

9. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.