ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 288. Հարկային մարմնում հաշվառման կանգնելը

 

1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը ՀՎՀՀ-ն ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները ՀՎՀՀ-ն ստանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, մշտական հաստատությունները (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) ՀՎՀՀ ստանալու համար դիմում են հարկային մարմնին: Սույն մասում նշված հարկ վճարողների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր գրանցված կազմակերպությունը հաշվառվում է իր պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` պետական հաշվառման) վայրի հասցեն սպասարկող հարկային մարմնում:

5. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

6. Նոտարը հաշվառվում է իր նոտարական տարածքը սպասարկող հարկային մարմնում: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը հաշվառվում է իր գործունեության իրականացման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

7. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հաշվառվում են իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայր, գրասենյակ) գտնվելու տարածքը սպասարկող հարկային մարմնում:

9. Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառվում է Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը դեռևս չի բնութագրվում մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) կարող է հաշվառվել Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում:

10. Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.