ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

1) պարզություն և հստակություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը հարկ վճարողների և հարկային մարմինների համար պետք է լինեն պարզ, հստակ և իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ.

2) համախմբվածություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է լինեն հնարավորին չափ համախմբված, և պետք է խուսափել առանձին իրավական ակտերով հարկային հարաբերությունների կարգավորումից.

3) հավասարություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից.

4) խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.

5) համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.

6) թափանցիկություն և հաշվետվողականություն՝ հարկային վարչարարությունը պետք է լինի թափանցիկ, հրապարակային.

7) ինքնահայտարարագրում և հարկային կարգապահություն՝ հարկ վճարողները պետք է Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկեն ու վճարեն հարկերը, վճարները.

8) հարկային վարչարարության հավասարակշռվածություն՝ որևէ հարկ վճարողի չի կարող՝

ա. պարտադրվել վճարել այնպիսի հարկեր կամ վճարներ, որոնք սահմանված չեն Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով.

բ. Օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտմամբ պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկեր կամ վճարներ.

գ. պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը կամ վճարները, քանի դեռ չեն լրացել դրանց վճարման՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները.

9) պատասխանատվության անխուսափելիություն՝ հարկ վճարողները Օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության.

10) պատասխանատվության համաչափություն՝ Օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի իրավախախտման ծանրությանը.

11) բազմակարծություն և հրապարակայնություն՝ Օրենսգրքում և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են նախապես դրանք քննարկելով ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների, գործարար միջավայրի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ.

12) արդիականություն՝ հարկային համակարգը պետք է հիմնված լինի կառավարման (այդ թվում՝ էլեկտրոնային) արդի համակարգերի և մոտեցումների վրա.

13) մրցունակություն՝ հարկային համակարգը պետք է ներդրումների ներգրավման և նպաստավոր գործարար միջավայրի ձևավորման տեսակետից լինի մրցունակ.

14) արդյունավետություն՝ հարկային համակարգը պետք է հնարավորություն ընձեռի, որ հարկ վճարողների մոտ հաշվառումը, իսկ հարկային մարմինների մոտ՝ հարկային հսկողությունը իրականացվեն հնարավորինս փոքր ռեսուրսներով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.