ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 312. Այլ փաստաթղթերի, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ թղթային եղանակով հարկային հաշվարկների ընդունումը

 

1. Հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը (այսուհետ՝ այլ փաստաթղթեր) հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում ստեղծված չէ:

2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով:

3. Հարկ վճարողը թղթային կրիչով այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:

4. Թղթային կրիչով այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում`

1) փոստային կապի միջոցով` միայն պատվիրված նամակով.

2) առձեռն` հանձնելով հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձին:

5. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:

6. Պատվիրված նամակը հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին ներկայացնելու դեպքում պատվիրված նամակը ստացած հարկային մարմինը այն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձի գրությամբ փոստային կապի միջոցով կամ առձեռն` հետ ստացման մասին ստորագրությամբ, վերադարձնում է հարկ վճարողին:

7. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում այլ փաստաթուղթը և հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից նամակի ծրարի վրա դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը: Եթե պատվիրված նամակի ծրարի վրա բացակայում է փոստային բաժանմունքի օրացուցային կնիքի արտատիպը կամ այն վնասված կամ բացահայտ անընթեռնելի է, ապա պատվիրված նամակը հարկային մարմինը չի ընդունում:

8. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում հարկ վճարողը նամակի ծրարի վրա նշում է իր հաշվառման կամ գտնվելու վայրի հետադարձ հասցեն: Ծրարները, որոնց վրա բացակայում է հարկ վճարողի հետադարձ հասցեն, հարկային մարմինը չի ընդունում: Նամակում պարունակության նկարագրության թերթիկի (այսուհետ սույն հոդվածում` թերթիկ) առկայությունը պարտադիր է, որում ցանկի տեսքով նշվում են նամակում պարունակվող բոլոր այլ փաստաթղթերի և հարկային հաշվարկների անվանումները և դրանց էջերի քանակը: Հարկ վճարողը թերթիկը ստորագրում և ամրակցում է ներկայացվող այլ փաստաթղթերին և հարկային հաշվարկներին: Թերթիկի բացակայության դեպքում պատվիրված նամակով ներկայացված բոլոր այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները դրանք ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, իրավասու պաշտոնատար անձի գրությամբ և համապատասխան հիմնավորմամբ, փոստային կապի միջոցով կամ առձեռն` հետ ստանալու մասին ստորագրությամբ, վերադարձնում է հարկ վճարողին:

9. Հարկային մարմնի կողմից այլ փաստաթուղթը և հարկային հաշվարկները հարկ վճարողին վերադարձնելու դեպքում վերադարձման օր է համարվում այլ փաստաթղթով և հարկային հաշվարկներով պատվիրված նամակը փոստային (սուրհանդակային) ծառայության կողմից ընդունելու օրը: Եթե պատվիրված նամակի ծրարի վրա բացակայում է փոստային բաժանմունքի օրացուցային կնիքի արտատիպը կամ այն վնասված կամ բացահայտ անընթեռնելի է, ապա այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը չի համարվում վերադարձված հարկ վճարողին:

10. Պատվիրված նամակով ներկայացված այլ փաստաթղթի և հարկային հաշվարկի ընդունման ժամանակ հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձը ստուգում է այլ փաստաթղթում և հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա տվյալների առկայությունը:

11. Այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը հարկային մարմնի (այդ թվում՝ այլ գերատեսչությունների հետ համատեղ) սահմանած ձևով չներկայացնելու կամ այլ փաստաթղթում կամ հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալի բացակայության կամ թերթիկում նշված որևէ այլ փաստաթղթի կամ դրա անբաժանելի մաս կազմող փաստաթղթի բացակայության դեպքում այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը համարվում է չներկայացված, ինչի մասին հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձը այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է հարկ վճարողին:

12. Թղթային կրիչով ներկայացված այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները կարվում են հարկ վճարողի հարկային գործում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.