ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը

 

1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող՝ վավերացված միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը իրականացվում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրման կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ օտարերկրյա ռեզիդենտության փաստը հաստատող ձևի հաստատման միջոցով: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ձևը համարվում է ռեզիդենտության փաստը հաստատող ձև, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի բովանդակությանը:

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքը կամ գրավոր մերժում է դրա տրամադրումը՝ նշելով պատճառը:

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է`

1) կազմակերպության դեպքում` տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը.

2) ֆիզիկական անձի դեպքում`

ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը,

բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա են նախորդ հարկային տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.