ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 316. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը

 

1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպության հետ կնքված համաձայնագրի հիման վրա իրականացնում է կազմակերպության հորիզոնական մոնիտորինգ:

2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը հարկային մարմնի և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան խոշոր համարվող կազմակերպության միջև կամավորության սկզբունքով կնքված փոխհամագործակցության համաձայնագրի հիման վրա հարկային մարմնի կողմից իրականացվող սպասարկման և ընթացիկ հսկողության համակարգ է, որն ապահովում է՝

1) կազմակերպության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիություն.

2) կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների էլեկտրոնային եղանակով տրամադրում (այդ թվում` կատարված կամ նախատեսվող գործարքների մասով ծագած հարցերով).

3) կազմակերպության կողմից իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ հարկային մարմնի կողմից մոնիտորինգի իրականացում.

4) կազմակերպության և հարկային մարմնի միջև իրական ժամանակում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակում:

3. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը ներդրվում և կիրառվում է անվճար հիմունքներով:

4. Հորիզոնական մոնիտորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը և մոնիտորինգի անցկացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Գործունեության ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները կարող են օգտվել հորիզոնական մոնիտորինգի համակարգից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկը և դրանում կատարվող փոփոխությունները հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում համաձայնագրի կնքումից կամ համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկում փոփոխությունների կատարումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.