ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 325. Հարկային պարտավորությունների մարումները

 

1. Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը:

2. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:

3. Հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն մասում նշված գումարների առկայության օրով:

4. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի, հարկային մարմնի արտաբյուջետային հաշվի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները:

7. Մարված հարկային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն հոդվածի համաձայն:

8. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:

9. Միասնական հաշվից հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարները հաշվառվում են պետական արտաբյուջետային միջոցների առանձին ենթահաշվում (հարկային մարմնի արտաբյուջետային հաշիվ):

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.