ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 33. Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները

 

1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է`

1) Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները` Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ.

2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև հաշվապահական հաշվառում.

3) Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.

4) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

5) ապահովել հարկման բազայի հաշվարկման և հարկային հաշվարկների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ստացվող եկամուտների կամ կատարվող ծախսերի, վճարվող (պահվող) հարկերի մեծությունը հիմնավորող փաստաթղթերի պահպանումը ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետում` սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին այդ փաստաթղթերը վերաբերում են.

6) հաշվարկային փաստաթղթերի` ռուսերեն և անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները՝ առանց նոտարական վավերացման.

7) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում՝ առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա), փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները).

8) աշխատանքային պայմաններ ապահովել հարկային հսկողության իրականացման համար, այդ թվում` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել հարկի կամ վճարի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են հարկային մարմնի միջոցների հաշվին) կամ կրկնօրինակները.

9) Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով).

10) չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները.

11) իրենց բացակայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց.

12) հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերի, արձանագրությունների և դրանց նախագծերի, տեղեկանքների և վարչական ակտերի փաստերի հետ չհամաձայնելու և դրանք չստորագրելու դեպքում այդ մասին համապատասխան նշում կատարել նշյալ փաստաթղթերում:

2. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն ունի նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.